Հայաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանն այսօր` նոյեմբերի 21-ին, ընդունել է Հայաստանում Սենեգալի նորանշանակ դեսպան Մամադու Սալիու Դիուֆին (նստավայրը` Մոսկվա)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պաշտոնական արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում փոխնախարար Մանասարյանը, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ Հայաստանի եւ Սենեգալի միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ եւ խորանալ:
Դեսպան Դիուֆը վստահեցրել է, որ կանի առավելագույնն երկկողմ հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար:
Զրուցակիցները քննարկել են միջազգային եւ տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես կարեւորվել է համագործակցությունն այնպիսի միջազգային կառույցներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Ֆրանկոֆոնիայի Միջազգային կազմակերպությունը:
Հյուրի խնդրանքով Սերգեյ Մանասարյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերջին զարգացումները:



























