Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն մայիսի 15-ի մահափորձից հետո իր առաջին հրապարակային հայտարարություն է արել՝ չորեքշաբթի Facebook-ում հրապարակելով տեսանյութ, որտեղ ասում է, որ հունիսի վերջին կամ հուլիսին հավանաբար աշխատանքի կվերադառնա։

Ֆիցոն նաև հայտարարել է, որ հիմքեր չկան ենթադրելու, թե իր դեմ մահափորձն իրականացվել է «միայնակ խելագարն», իսկ իր վրա հարձակվողին սլովակ ընդդիմադիր ակտիվիստ անվանել:

Նա նշել է, որ հարձակվողի նկատմամբ «ոչ մի ատելություն» չի զգում։ «Ես ներում եմ նրան», - ասել է Ռոբերտ Ֆիցոն:

Ըստ ТАСС -ի՝ նա միաժամանակ քննադատել է ԵՄ-ին՝ նշելով, որ Եվրամիությունում դադարել է գոյություն ունենալ տարբերվող տեսակետ արտահայտելու իրավունքը։

«Սկզբունքորեն համաձայն չեմ միակ ճշմարիտ տեսակետի քաղաքականությանը, որը որոշ խոշոր արևմտյան ժողովրդավարություններ այսօր կոշտ կերպով առաջ են մղում: Ես մերժում եմ այլ երկրների ներքին գործերին միջամտությունը և ժողովրդավարության բռնի արտահանումն այն երկրներ, որոնք որոշել են ընթանալ սեփական ճանապարհով»,- հայտարարել է Սլովակիայի վարչապետը։

Ըստ նրա՝ Բրատիսլավան միջազգային ասպարեզում ինքնիշխան քաղաքականություն է իրականացնելու։