Որոշվել է WikiLeaks-ին տեղեկություններ հաղորդելու մեջ մեղադրվող, ԱՄՆ բանակի շարքային Բրեդլի Մենինգի դեմ դատավարություն սկսելու օրը:

Ինչպես հաղորդում է Պենտագոնի մամուլի ծառայությունը, զինվորական դատարանը գործը կսկսի քննել 2011-ի դեկտեմբերի 16-ին, հաղորդում է Agence France-Presse-ը:

Բրեդլի Մենինգը ձերբակալվել է 2010-ի մայիսին: Ըստ մեղադրանքի, նա 2009-ի վերջից մինչեւ 2010-ի սկիզբն ընկած ժամանակահատվածում, պաշտպանված զինվորական ցանցից անօրինականորեն գաղտնի փաստաթղթեր է բեռնել, որոնք հետագայում տվել է երրորդ կողմին:

Ենթադրվում է, որ փաստաթղթեր ստացող կողմը եղել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանջը, սակայն պաշտոնական մեղադրանքում ոչ WikiLeaks-ը, ոչ Ասանջը չեն հիշատակվում:

Բացի այդ, Մենինգը մեղադրվում է հակառակորդին օգնություն ցուցաբերելու մեջ, ինչն ամերիկյան օրենքներով պատժվում է մահապատժով, որը սակայն կարող է փոխարինվել ցմահ բանտարկությամբ: