Կահիրեի Թահրիրի հրապարակում եւ Եգիպտոսի ՆԳՆ շենքի մոտ վերսկսվել են բախումները ցուցարարների եւ ոստիկանության միջեւ:

Ցուցարարները վառվող հեղուկով շշեր են նետել ոստիկանների վրա, իսկ անվտանգության ուժերը նրանց դեմ արցունքաբեր գազ են կիրառել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Թահրիրի հրապարակը պատրաստվում է «միլիոնների նոր երթին» «Փրկենք հայրենիքը» կարգախոսով., իսկ դրա կազմակերպիչները երիտասարդական կուսակցություններն ու շարժումներն են: Այն պետք է սկսվի Երեւանի ժամանակով ժամը 18-ին:

Միեւնույն ժամանակ «Մահմեդական եղբայրներ» կուսակցությունը արդեն հայտարարել է «միլիոնների երթից» իր հրաժարվելու մասին, որպեսզի խուսափի բռնություններից եւ չսրի իրավիճակը:

Նշենք, որ անկարգությունների արդյունքում Կահիրեում եւ այլ քաղաքներում վերջին օրերին 24-ից 33 մարդ է զոհվել, մոտ 2 հազարը վնասվածքներ են ստացել: