Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել ամերիկահայ բարերարներ Հարութ Հակոբյանի եւ Լեւոն Կիրաջյանի հետ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Նախագահը կարեւորել է Սփյուռքի ներուժի եւ փորձի օգտագործումը Արցախի զարգացման գործում, ինչը հնարավորություն է տալիս տարբեր ոլորտներում ավելի կարճ ժամանակահատվածում շոշափելի արդյունքների հասնել:

Նույն օրը, Բակո Սահակյանը հանդիպել է նաեւ բարերար Հարութ Բրությանի հետ եւ քննարկել ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Նախագահը երախտագիտություն է հայտնել բարերարին Արցախին մշտապես սատարելու համար` հույս հայտնելով, որ նա այսուհետ էլ ակտիվ մասնակցություն կունենա մեր հանրապետության զարգացման գործում:

Հանդիպմանը մասնակցել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք: