Երեւանում, նոյեմբերի 17-18-ին,կայացել է «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» խորագրով միջազգային գիտաժողովը, որին մասնակցել են անվտանգության բնագավառի փորձագետներ ԱՄՆ-ից, Իսրայելից, Կանադայից, Հայաստանից, Մեծ Բրիտանիայից, Ռումինիայից եւ Ռուսաստանից:
Բացման խոսքով հանդես են եկել ՊՆ ԱՌՀԻ-ի պետ-ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը եւ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գեւորգ Տեր-Գաբրիելյանը:
Գիտաժողովի մասնակիցներից «Արտաքին քաղաքականության ամերիկյան խորհուրդ» ռազմավարական կենտրոնի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ավագ գիտաշխատող Ուեյն Մերրին (ԱՄՆ), «Չաթըմ Հաուսի» Ռուսաստանի եւ Եվրասիայի ծրագրի ավագ վերլուծաբան Ջեյմս Շերը (Մեծ Բրիտանիա), Արեւելաեվրոպական եւ ասիական հետազոտությունների կենտրոնի եվրոպական ծրագրերի տնօրեն Ջորջ Նիկուլեսկուն (Բրյուսել) նշել են, որ Հայաստանը պետք է իր հարեւանների հետ հարաբերություններում ցուցաբերի ավելի մեծ ճկունություն, որը կնպաստի տարածաշրջանում մեր երկրի ռազմավարական դերի մեծացմանը:
Գիտաժողովի քննարկումների ժամանակ կարեւորագույն հարցերից էր տարածաշրջանի էներգետիկ աշխարհաքաղաքականությունը: Այս հարցի վերաբերյալ իր տեսլականն է ներկայացրել բնագավառի անվանի մասնագետներից մեկը` Վուդրո Վիլսոնի միջազգային կենտրոնի եվրոպական էներգետիկ անվտանգության նախաձեռնության խորհրդական Ալեքսանդրոս Պետերսենը: Նա նշել է, որ Հայաստանն ունի տարածաշրջանում էլեկտրաէներգիա արտահանող կենտրոն դառնալու ներուժ եւ իրական հնարավորություններ: Պետերսենը շեշտել է Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման կարեւորությունը, որը կնպաստի ինչպես Հայաստանի էներգետիկ կշռի ավելացմանը, այնպես էլ տարածաշրջանային էներգետիկ անվտանգության ապահովմանը:
Քննարկված հարցերից էր նաեւ Սփյուռքի հնարավորությունները Հայաստանի կողմից ավելի լիարժեք օգտագործելու հարցը, որին անդրադարձան պրոֆեսորներ Ջեյմս Դերդերյանը` Բրաունի համալսարանի միջազգային հետազոտությունների Վաթսոնի ինստիտուտից (ԱՄՆ) եւ Ալեն Ուայթհորնը` Թագավորական ռազմական քոլեջից (Կանադա):
Գիտաժողովի ռուս մասնակիցները, մասնավորապես` Կարնեգիի Մոսկվայի կենտրոնի փորձագետ Անդրեյ Ռյաբովը եւ Քաղաքական ու միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Նիկիտինը անդրադարձան Հարավային Կովկասում ՌԴ-ի եւ ՀԱՊԿ-ի քաղաքականությանը` ընդգծելով, որ այն ուղղված է տարածաշրջանում կայունության պահպանմանը: Նրանց խոսքերով` միջնաժամկետ հեռանկարում ՌԴ-ի քաղաքականության մեջ չեն դիտվի արմատական փոփոխություններ, եւ ՌԴ-ն հետեւողականորեն կշարունակի վարել տարածաշրջանային հակամարտությունները բացառապես խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու իր քաղաքականությունը:
ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի պետի տեղակալ Բենիամին Պողոսյանի կողմից անդրադարձ եղավ տարածաշրջանում ԱՄՆ-ի եւ Եվրամիության համագործակցության հեռանկարներին:
Արծարծված առանցքային հարցերից էին տարածաշրջանային հակամարտությունների (Ղարաբաղյան, Աբխազական եւ Հարավօսական) ներկա վիճակն ու կարգավորման հնարավոր ուղիները: Հարցին անդրադարձան գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի պետի խորհրդական Նիկոլայ Հովհաննիսյանը, ինչպես նաեւ Ուեյն Մերրին, Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ հարցերով ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ցինկերը (Իսրայել), «Սեյֆըր Ուորլդ» հասարակական կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ավագ խորհրդական Քրեյգ Օլիֆանտը (Մեծ Բրիտանիա), «Համաշխարհային հայկական կոնգրեսի» նախագահի տեղակալ Արամ Գասպարյանը: Նրանք ընդգծեցին տարածաշրջանային հակամարտությունների լուծման հարցում նոր մոտեցումների եւ լայնախոհության դրսեւորման անհրաժեշտությունը` խարսխված հանդուրժողականության եւ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների համակարգային կիրառման վրա:
Բոլոր մասնակիցները շեշտեցին այսօրինակ գիտաժողովի կարեւորությունը: Նրանք նաեւ իրենց գոհունակությունը հայտնեցին գիտաժողովի գիտական-կազմակերպչական առումով բարձր մակարդակով անցկացման վերաբերյալ:



























