Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, դեսպանատանը հանդիպում է ունեցել այդ երկրի Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատում եւ Սենատում վերջերս ձեւավորված Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբերի անդամների հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել Սենատի արգենտինա-հայկական բարեկամական խմբի ղեկավար, սենատոր Լիլիանա Նեգրե դե Ալոնսոն, Պատգամավորների պալատի արգենտինա-հայկական բարեկամական խմբի ղեկավար Ռիկարդո Մանսուրը, պատգամավորներ Միգել Անխել Բարրիոսը եւ Խոսե Արբոն:

Հայաստանի դեսպանը շնորհավորել է արգենտինացի խորհրդարանականներին Հայաստանի հետ բարեկամական խմբերի ստեղծման կապակցությամբ եւ համոզմունք հայտնել, որ նրանց գործունեությունը կնպաստի միջխորհրդարանական կապերի առավել զարգացմանն ու   երկու երկրների միջեւ փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը:

Լիլիանա Նեգրե դե Ալոնսոն եւ Ռիկարդո Մանսուրն ընդգծել են իրենց պատրաստակամությունն անելու ամեն հնարավորը արգենտինա-հայկական բարեկամության եւ  համագործակցության խորացման համար եւ հույս հայտնել, որ մոտ ապագայում կկարողանան գործնական կապեր հաստատել իրենց հայ գործընկերների հետ:

Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը հանգամանորեն ներկայացրել է ԼՂՀ հիմնախնդիրը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացը: