Ֆրանսիայի հանրությունը ցնցված է դաժան հաշվեհրարդարից, որն իրագործել է էլիտար դպրոցներից մեկի աշակերտը նույն դպրոցի աշակերտուհու հանդեպ: Ընդ որում` այդ քայլին դիմած աշակերտը օրինակելի էր, լավ համբավ ուներ:
Դեպքը պատահել է Լե-Շամբոն-սյուր-Լինյոն քաղաքի Վերին Լուարա դեպարտամենտի Cevenol International լիցեյում, հաղորդում է Agence France-Presse-ը:
Լիցեյի 13-ամյա սան Ագնես Մարինը անցած չորեքշաբթի օրը` նոյեմբերի 16-ին, անհետացել էր: Նոյեմբերի 18-ին աղջկա կիսայրված եւ բռնության հետքեր ունեցող մարմինը գտել էին անտառում:
Սպանությունը խոստովանել է միեւնույն կրթական հաստատության 17-ամյա սան Մատիեն: Նա պատմել է, որ աղջկան զբոսանքի է հրավիրել, տարել է ամայի տեղ, որտեղ բռնաբարել է եւ սպանել: Ինչպես նշել է դատախազը, աղջկա հետ հաշվեհարդար են տեսել աննախադեպ դաժանությամբ:
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ 2010թ. դպրոցականը մեկ անգամ արդեն բռնվել էր բռնաբարության համար, այնուհետեւ ազատ էր արձակվել: Իսկ դրանից հետո դեռահասը անխոչընդոտ ընդունվել էր էլիտար կրթական հաստատություն:
Աղջկա ծնողները լիցեյի ղեկավարությանը մեղադրել են հանցագործ անփութության մեջ, քանի որ վարչակազմը չէր կարող չիմանալ իր սանի հանցագործ անցյալի մասին:
Cevenol International լիցեյում, որի կարգախոսն է «Մարդասիրություն եւ համբերատարություն», իրոք իմացել են, որ Մատիեն ձերբակալվել է եւ 4 ամիս բանտում անցկացրել: Սակայն մեղադրական հոդվածը` «բռնաբարություն», ուսուցիչներին հայտնի չի եղել:
Այդ կրթական հաստատությունում 200 պատանիներ եւ աղջիկներ են սովորում աշխարհի 30 երկրներից: Նրանց թվում կան Ֆրանսիայում բնակվող ինչպես միջին դասի, այնպես էլ միլիոնատերների երեխաներ, գրում է NEWSru.com -ը:
Նոյեմբերի 20-ին Լե-շամբոն-սյուր-Լինյոն քաղաքում շուրջ 4 հազար բնակիչ երթի է դուրս եկել` հարգելու սպանված դպրոցականի հիշատակը:

























