Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը  Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմին ներկայացրել է վարչական շրջանի նորանշանակ ղեկավար  Հրայր Անտոնյանին եւ  շնորհակալություն է հայտնել Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Էդուարդ Մուշեղյանին՝  համատեղ աշխատանքի համար: 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տարոն Մարգարյանը  կարեւորել է թիմային աշխատանքի մոտեցումը՝ անկախ անձերի փոփոխությունից եւ նշել, որ  մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերը համալրված են բանիմաց կադրերով, որոնք լավատեղյակ են համայնքի խնդիրներին եւ հստակ պատկերացնում են իրենց պարտավորությունները։ Ընդգծելով, որ քաղաքապետարանի ծրագրերը կյանքի կոչելու հարցում կարեւոր է վարչական շրջանի յուրաքանչյուր աշխատակցի բարեխիղճ աշխատանքը, քաղաքապետը նշել է, որ վարչական շրջանի նոր ղեկավարից ու աշխատակազմից ակնկալում է  համակարգված, արդյունավետ եւ սրտացավ աշխատանք։

«Պետք է սրտացավ լինենք մեր  աշխատանքում, ցուցաբերենք    կամք եւ  հետեւողականորեն շարունակենք սկսած գործը, ավելին, որակապես նոր մշակույթ ձեւավորենք բնակիչների հետ հարաբերություններում»,-  նշել է քաղաքապետը` ընդգծելով, որ համայնքային տնտեսության հետ կապված խնդիրներն ու  բնակիչների կողմից բարձրացված արդարացի բողոքները միշտ պետք է ուշադրության կենտրոնում լինեն եւ ունենան համապատասխան արձագանք: