Հայտնի է դարձել Գյումրիում, այսօր` նոյեմբերի 22-ի վաղ առավոտյան, քաղաքի «50-ամյակի» կամրջից կախված անձի ինքնությունը: Նա 21-ամյա Ստյոպա Ավագյանն է, ով Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում  գրանցում է ձեռք բերել 2011թ-ի հուլիսին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ջաջուռի գյուղապետ  Սոկրատ Սուվարյանը:

Նրա փոխանցմամբ, տղայի հայրը` Ավագ Ավագյանը Ջաջուռ գյուղի բնակիչ է:  Վերջինս անօթեւան է եւ ընդգրկված է անօթեւանների ցուցակում: «Երկրաշարժից անմիջապես հետո Ավագ Ավագյանը տեղափոխվել է Երեւան` կնոջ բնակարան, որը հետագայում անցել է որդուն` Ստյոպային: Ի դեպ, մահացողը` Ավագ Ավագյանի առաջին կնոջ տղան է»,- մանրամասնեց գյուղապետը եւ ավելացրեց, որ ներկա պահին հարազատները եւս չեն կարողանում հասկանալ, թե ինչը կարող էր ինքնասպանության պատճառ հանդիսանալ:

Ավելի վաղ` Գյումրիից  NEWS.am-ի թղթակիցը, տեղեկացրել էր, որ  նոյեմբերի 22-ի վաղ առավոտյան, ժամը 08:30-ի սահմաններում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «50-ամյակի» կամրջի թաղամասում բնակվող մարդիկ, հացի գնալիս նկատել են, որ երիտասարդ է կախված կամրջից: Նրանք դիմել են ոստիկանություն:

Պարզվել է, որ երիտասարդը 21 տարեկան է: Նա Գյումրի քաղաքի բնակիչ չէ, Շիրակի մարզի Ջաջուռ գյուղից: