Եգիպտոսի զինված ուժերի գերագույն խորհրդի ռեժիմն ավելի դաժան դուրս եկավ, քան իշխանությունից հեռացած նախագահ Հոսնի Մուբարաքի ռեժիմը: Նման գնահատական է պարունակում Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության այսօր` նոյեմբերի 22-ին հրապարակած զեկույցում:

Կազմակերպությունը նշում է, որ զինվորականների 9 ամիս իշխանավարման ընթացքում մարդու իրավունքների խախտման դեպքերն ավելացել են: Խոստացված ժողովրդավարական բարեփոխումները այդպես էլ չիրականացան, իշխանությունները դաժանաբար ճնշում են բողոքի ակցիաները, շատերին ձերբակալում են:

Իրավիճակը մխիթարական չէ նաեւ խոսքի ազատության ոլորտում: Լրագրողներն ու բլոգերներն իրենց անվտանգ չեն զգում, նրանք ենթարկվում են քրեական հետապնդման` զինվորականներին քննադատելու համար:

Amnesty International-ի տվյալներով, Մուբարաքի հեռացումից հետո, երկրում խոշտանգումները չեն դադարել: Զինվորները ցուցարարներին ցրելիս վարձկանների են օգտագործում: Կազմակերպությունը նշում է Եգիպտոսի ուժային կառույցների դաժանությունը` բողոքի ակցիաները ցրելու ժամանակ, գրում է Lenta.ru-ն: