Մարին լը Պենի գլխավորած «Ազգային միաբանություն» աջ կուսակցությունը Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) արտահերթ ընտրությունների շեմին կայքից ջնջել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները զարգացնելու մտադրությունը։ Այս մասին տեղեկացրել է Politico թերթը։

Նրա տեղեկացմամբ՝ աջերը վերջին մեկ շաբաթում հանել են լը Պենի 2022թ. ընտրարշավի 17 ծրագրային բուկլետներից մեկի հղումը՝ նվիրված պաշտպանությանը։ Դրանում, նշել է պարբերականը, առաջարկվում էր «միություն փնտրել Ռուսաստանի հետ որոշակի հարցերում», Վաշինգտոնից միաժամանակյա հեռացմամբ, ինչպես նաեւ դադարեցնել համատեղ պաշտպանական նախագծերը Գերմանիայի հետ տանկերի եւ կործանիչների արտադրության վերաբերյալ եւ  դուրս գալ ՆԱՏՕ միավորված ռազմական հրամանատարության ենթակայությունից։

Ինչպես նշել է Politico-ն, այս կետերը կայքից ջնջելու եւ հռետորաբանությունը մեղմելու որոշումը բացատրվում է «համաշխարհային ասպարեզում իր հեղինակությունն ամրապնդելու ցանկությամբ» հունիսի 30-ին եւ հուլիսի 7-ին ֆրանսիացի ընտրողների ընտրություն կատարելուց առաջ։