Աչքի տակի կապտուկը եւ կոտրված քիթը Իսպանիայի թագավոր Խուան Կարլոսի համար պաշտոնական հանդիպումներն ու ընդունելությունները հետաձգելու պատճառ չեն դարձել:

Հանրության մեջ հայտնվելով նման տեսքով` նա բացատրել է, որ վնասվածքներն ստացել է թագավորական նստավայրում` բախվելով դռանը, գրում է ABC-ն:

Թագավորի օրակարգը բավական հագեցած է եղել. նոյեմբերի 22-ին նա մասնակցել է Սուդանի, Բելգիայի, Մալայզիայի, Հնդկաստանի եւ Կիպրոսի նոր դեսպանների հետ հանդիպմանը, որոնք նրան հավատարմագրեր են հանձնել:

Նույն օրվա երեկոյան Խուան Կարլոսը մասնակցել է շրջակա միջավայրի պահպանության մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը:

Սա Իսպանիայի թագավորի վնասվածք ստանալու առաջին դեպքը չէ, հիշեցնում է  Lenta.ru-ն:

1981թ. դեպքը շատ ավելի լուրջ հետեւանքներ էր ունեցել.  իր բնակատեղի լողավազանին մոտենալիս միապետը հարվածել էր ապակյա դռանը, որը հարվածից փշրվել էր, իսկ նա բազմաթիվ վնասվածքներ էր ստացել, նույնիսկ հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն էր առաջացել:

Բացի այդ, Խուան Կարլոսը` լեռնադահուկային սպորտի եւ որսի հայտնի սիրահարը, մի քանի անգամ վնասվածքներ է ստացել որսի ժամանակ եւ լեռնադահուկային ճանապարհներին: