Չորս տարի առաջ պաշտոնի անցնելուց հետո ԱՄՆ կոնգրեսական Նիկի Ցոնգասը Հայաստանին անդավաճան աջակցություն էր խոստացել: Նա չի պատրաստվում այն դադարեցնել: Այս մասին հաղորդում է«The Armenian Weekly»-ն:
«Որպես ԱՄՆ կոնգրեսի հայկական խմբի անդամ` ես հուսով եմ այսուհետ եւս առաջ տանել մեր երկու երկրների շահերը եւ նշել մեր միասնական հարուստ պատմության մասին, -ասել է նա ու շարունակել. «Ես կշարունակեմ աշխատել այն ուղղությամբ, որպեսզի Օսմանյան կայսրության իրականացրած հայերի զանգվածային ջարդերը Կոնգրեսում պատշաճ կերպով ճանաչվեն իբրեւ ցեղասպանություն»:
Կոնգրեսականն իր գրասենյակում հանդիպել է Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ: Ցոնգասի հետ, ով Մասաչուսեթս նահանգի հինգերորդ ընտրական շրջանն է ներկայացնում, մի շարք այլ հարցեր էլ են քննարկվել` Հայաստանին տրամադրվող տնտեսական օգնության աճը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող մարդասիրական օգնությունը, ադրբեջանական ագրեսիայի եւ դիպուկահարների կրակոցների դատապարտումը, Ջավախքում Վրաստանի կառավարության հակահայ գործողությունները:
Կոնգրեսում եղած կարճ ժամանակամիջոցի ընթացքում Ցոնգասը աջակցել է Հայաստանի տնտեսական աճին խթանող ամերիկյան ներդրումներին, որոնք նաեւ նպաստել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, օգնելով հայ ժողովրդին գոյատեւել` ի հեճուկս թուրքական եւ ադրբեջանական շրջափակման:
«Շատ կարեւոր է, որ Միացյալ Նահանգները համապատասխան դիվանագիտություն ցուցաբերի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները կարգավորելու համար: Ես հուսով եմ, որ ամերիկյան ղեկավարության մասնակցությամբ կարգավորումը կարող է լինել շուտով»,-ասել է նա:
2007թ. լրացուցիչ ընտրություններում ընտրված Ցոնգասը Կոնգրեսում 25 տարվա ընթացքում Մասաչուսեթս նահանգից ընտրված առաջին կինը դարձավ: Նա զբաղեցրել է երեք տասնամյակ առաջ իր հանգուցյալ ամուսնու` նախագահի նախկին թեկնածու Պոլ Ցոգանի զբաղեցրած տեղը:



























