Ֆրանսիացի դերասանուհի, կենդանիների հայտնի պաշտպան Բրիջիթ Բարդոն սպառնացել է Ուկրաինայի նախագահին համաշխարհային սկանդալով, եթե այդ երկրում անտուն շների հանդեպ չդադարեցվի բարբարոսական վերաբերմունքը:

Նա զայրույթով լի նամակ է գրել Վիկտոր Յանուկովիչին, որտեղ նշել է, որ հարյուրավոր բողոքներ է ստանում, որտեղ նշվում է, որ Ուկրաինայում Եվրո-2012-ի նախապատրաստության շրջանակներում քաղաքները անտուն շներից մաքրելու անընդունելի միջոցներ են կիրառվում:

«Դա պարզապես զզվելի եւ անընդունելի է «քաղաքակիրթ» երկրի համար»,- նամակի բովանդակությունն է մեջբերել «Ուկրաինսկիե նովոստին»:

Բարդոն կոչ է արել Ուկրաինայի նախագահին դադարեցնել շների սպանությունը եւ արգելել վառարաններում կենդանի-կենդանի շներին այրելու պրակտիկան:

Միաժամանակ, ըստ «Կրիմսկայա պրավդա»-ի, Ուկրաինայի իշխանությունները ընդառաջ են գնացել հնչած կոչին: Երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովը հանձնարարել է երկրի ՆԳՆ-ին` ուժեղացնել հսկողությունը անտուն կենդանիների որսի նկատմամբ, պահանջել դադարեցնել դաժան վերաբերմունքը եւ պատժել մեղավորներին:

Նա խոստացել է միջոցներ ձեռնարկել անտուն կենդանիների անվերահսկելի բազմացման կանխարգելման ու նրանց կացարաններում տեղավորելու ուղղությամբ: