Ֆրանսիայի Սենատի անդամ, սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Ֆիլիպ Կալտենբախը, նոյեմբերի 21-ին, Սենատի օրակարգ է վերադարձրել Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի եվրոպական գրասենյակի ղեկավար Հիլդա Չոբոյանը:

«Ըստ էության դեռ վաղ է կանխատեսումներ անել` կընդունվի՞, թե` ոչ: Սակայն դրական է, որ առաջին քայլն արվել է: Պետք է հուսալ, որ ընկերվարները, ինչպես խոստացել է նախագահական թեկնածուն (Ֆրանսուա Օլանդը-խմբ.) ավելի մեծ թափով եւ շատ արագ, այսինքն ընտրություններից առաջ կարողանան նախագիծն ընդունել եւ օրենքի ուժ տալ:

Հարցին, հնարավո՞ր է, որ սենատոր Կալտենբախը օրինագծի ներկայացումը համաձայնեցրել է սոցիալիստների խմբակցության հետ, Հիլդա Չոբոյանը պատասխանեց. «Դա բարդ գործընթաց է: Հնարավոր չէ ասել, որ կուսակցությունն իր համաձայնությունը տվել է, կամ Սենատի խմբակցությունը: Ֆիլիպ Կալտենբախը որպես անհատ սենատոր առաջարկել է, բայց սրանից հետո պիտի տեսնենք, թե ընկերվարական խումբը ինչ քայլեր կանի: Հաշվի առնելով ժամանակացույցը` կհուսանք, որ ընկերվարները միակամ կլինեն, որովհետեւ վերջին անգամ ընկերվարները բաժանվել էին»: Հայկական կազմակերպությունները նաեւ լիահույս են, որ սոցիալիստներն այս անգամ կողմ կքվեարկեն, իսկ Սենատում սոցիալիստները ներկայումս մեծամասնություն են կազմում:

Ի դեպ, Հիլդա Չոբոյանը հերքեց նաեւ տարածված տեղեկությունը, թե Ֆիլիպ Կալտենբախը հայկական ծագում ունի:

Նշենք, որ Ֆրանսիայի Սենատը մայիսի 4-ին, 196 դեմ եւ 74 կողմ ձայներով մերժել էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծը: