Այսօր` նոյեմբերի 23-ին, 84 տարեկան հասակում, մահացել է ԳՊՀ խորհրդի նախագահ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր  Հրանտ Խաչատուրի Հակոբյանը:

Նա 1973թ-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն եւ 1978 թ.-ին ստացել դոցենտի կոչում: 1990 թ. Հր. Հակոբյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` ստանալով փիլիսոփայական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Ատենախոսությունը նվիրված էր հայ մեծանուն վիպասան Րաֆֆիի պատմափիլիսոփայական հայացքների վերլուծությանն ու գիտական արժեւորմանը: 1991թ-ին Հր. Հակոբյանին շնորհվում է պրոֆեսորի կոչում: 1985թ-ին նա ընտրվել է ԵՊՀ «Աթեիզմի տեսության եւ պատմության» միջբուհական ամբիոնի վարիչ: Հր. Հակոբյանի նախաձեռնությամբ եւ ակտիվ մասնակցությամբ համալսարանի գիտական խորհուրդը վերանայում է ուսումնական պլանները եւ Երեւանի պետական համալսարանում սկսվել են դասավանդել ոչ թե աթեիզմի տեսություն, այլ «Կրոնների պատմություն եւ տեսություն» առարկան, ինչն այդ ժամանակի համար խիզախ քայլ էր:

Ապա նա ակտիվ մասնակցություն է ունենում Երեւանի պետական համալսարանում Աստվածաբանության ֆակուլտետի բացմանը, որտեղ շուրջ մեկ տասնամյակ ղեկավարել է «Կրոնագիտության» ամբիոնը:

Հր. Հակոբյանը 2006 թ-ին ընտրվել է Գավառի պետական համալսարանի խորհրդի նախագահ: Երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության հրամանագրով Հր. Հակոբյանը 1987 թ-ին պարգեւատրվել է «Աշխատանքի վետերան» մեդալով:

2010 թ-ին ՀՀ նախագահի կողմից արժանացել է գիտության վաստակավոր գործչի կոչման: Հ. Հակոբյանը պարգեւատրվել է նաեւ մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկե մեդալով, Երեւանի պետական համալսարանի ոսկե մեդալով, բազմաթիվ այլ պարգեւներով, պատվոգրերով ու հուշամեդալներով: Նա Գավառ քաղաքի պատվավոր քաղաքացի է: Ամուսնացած է, ունի չորս զավակ, տասնինը թոռ եւ ծոռ:

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 24-ին, ժ. 18:00 Երեւանի Սուրբ Հովհաննես  եկեղեցում:

Հրաժեշտի արարողությունը  տեղի կունենա նոյեմբերի 25-ին, ժ. 11:00 Գավառի պետական համալսարանում: Հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 25-ին, ժ.13:00 Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում: