Ադրբեջանի Միլի մեջլիսը (խորհրդարան) դիմել է երկրի նախագահ Իլհամ Ալիեւին արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու նախաձեռնությամբ։ Այս մասին տեղեկացրել է Trend գործակալությունը։
Նրա տվյալներով՝ դիմումն ընդունելուն կողմ է քվեարկել 105 պատգամավոր, դեմ՝ միայն մեկը։
Հունիսի 20-ին կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցության ղեկավարությունը նիստ է գումարել, որի արդյունքներով որոշվել է դիմել Ադրբեջանի նախագահին խորհրդարանը ցրելու առաջարկով։ Կուսակցության վարչության նախագահ Թաիր Բուդաղովի խոսքով՝ սա թելադրված է նրանով, որ այս տարվա նոյեմբերին, երբ պետք է տեղի ունենան ընտրություններն ըստ պլանի, Ադրբեջանում իրականացվելու են ՄԱԿ Կլիմայի փոփոխության Շրջանակային կոնվենցիայի 29-րդ նստաշրջանը (СОР29) եւ այլ խոշոր միջազգային միջոցառումներ։ «Կարծում ենք, որ այս գործոնների հաշվառմամբ կարեւոր է ապահովել խորհրդարանի լիարժեք աշխատանքն այդ շրջանում»,- ավելացրել է նա։
Ադրբեջանի սահմանադրությամբ խորհրդարանը ցրելու եւ խորհրդարանի ընտրությունների նշանակման իրավունքը պատկանում է նախագահին։
Ադրբեջանի խորհդարանն ունի 125 պատգամավոր, որոնք ընտրվում են հինգ տարի ժամկետով, համընդհանուր եւ ուղիղ ընտրությունների հիման վրա։ Գործող գումարման խորհրդարանը ձեւավորվել է 2020թ. փոտրվարի 9-ի ընտրությունների արդյունքներով։ Այդ քվեարկությունը նույնպես արտահերթ էր։





























