Ադրբեջանի Միլլի Մեջլիսը (խորհրդարանը) երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է օրենք, որը փոփոխություններ է մտցնում մերձավոր ազգականների միջև ամուսնություններն արգելող ընտանեկան օրենսգրքում։

Ինչպես հայտնել են խորհրդարանում, օրենսգրքի հոդվածին ավելացվել է երկու կետ, որոնք սահմանում են ամուսնությունը խոչընդոտող հանգամանքները՝ նախատեսելով ընդհանուր կենսաբանական տատիկ-պապ և (կամ) տատիկ ունեցող եղբայրների և (կամ) քույրերի միջև ամուսնության արգելքը, ինչպես նաև զարմիկների և զարմուհիների միջև, ովքեր կենսաբանորեն կապված են:

Բացի այդ, ընտանեկան օրենսգրքից հանվել է մի կետ, որը թույլ էր տալիս հիմնավոր պատճառների առկայության դեպքում ամուսնանալ ցանկացող անչափահասների համաձայնության տարիքը նվազեցնել մեկ տարուց ոչ ավելի: Ինչպես նշվեց խորհրդարանում, շատ դեպքերում այս օրենսդրական նորմի առկայությունը հանգեցնում է անչափահասների իրավունքների և ազատությունների սահմանափակմանը, քանի որ անհասկանալի է, թե ինչ չափանիշներով են հիմնավոր պատճառները որոշվում։

Օրենքի համաձայն՝ Ադրբեջանում ամուսնության տարիքը սահմանվել է 18 տարի։

Նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից։

Մեկնաբանելով փոփոխությունները՝ Ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հիջրան Հուսեյնովան ադրբեջանական haqqin.az տեղեկատվական պորտալին տված հարցազրույցում ընդգծել է, որ հարազատական ​​ամուսնությունները երեխաների մոտ ֆիզիկական և հոգեկան լուրջ պաթոլոգիաների պատճառ են հանդիսանում։ «Այս խնդիրն ուղղակիորեն վերաբերում է ազգային գենոֆոնդի պաշտպանությանը և ապագա սերնդի առողջությանը։ Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականին, բնակչության հետ կիրականացվի լայնածավալ կրթական աշխատանք, կորոշվեն այս օրենքի գործողության մեխանիզմները»,- ընդգծեց պատգամավորը։