«Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության նախկին գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը մասնակցում է գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով իրականացվող երկրորդ մրցույթին: Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գարեգին Խումարյանը:
Նա ընտրվելու իր հնարավորությունները դեռևս սպառված չի համարում:
«Վստահ եմ, որ այս անգամ հաղթելու եմ մրցույթում և կրկին զբաղեցնելու եմ գործադիր տնօրենի պաշտոնը: Իմ ներկայացրած հայեցակարգը առնվազն շատ մրցունակ հայեցակարգ է, և պետք է, որ արժանի գնահատական ստանա»,-ասաց Գարեգին Խումարյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարել է մրցույթ՝ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով։ Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2024 թվականի հուլիսի 29-ին։
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Հանրային հեռարձակողի խորհրդի նիստում ամփոփել էին «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքները։ Քվեարկության արդյունքում մրցույթի մասնակիցներից ոչ ոք չէր ստացել հաղթող ճանաչվելու համար անհրաժեշտ ձայների քանակը։
Հանրային ռադիոյի գործադիր տնօրենը ամիսներ առաջ հայտարարություն էր տարածել՝ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ լրատվամիջոցին տված հարցազրույցի հետ: Գարեգին Խումարյանը ներողություն էր խնդրել լսարանից և կարծիք հայտնել, թե Հանրային ռադիոյի տաղավարում առաջարկվել է դադարել լինել այն, ինչ ենք, ասվել է՝ թուրքերն ուժեղ են, հայերը՝ թույլ։
Հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ գիտենք, որ ագրեսիվ միջավայրում ենք, մեր խնդիրն է հասկանալ, թե ինչու է մեր միջավայրն ագրեսիվ մեր նկատմամբ. «Ես շատ կոպիտ օրինակ բերեմ, շատ կոպիտ, ամենայն հարգանքով բոլոր երկրների նկատմամբ: Ուղղակի առակի լեզվով խոսելու տրամաբանության մեջ պատկերացրեք՝ մենք իրար հետ երկուսով քայլում ենք մի ճանապարհով և մենք պիտի ա կետից գնանք բ կետը: Իրար հետ գիտենք, թե ուր ենք ուզում գնալ, մենք այդ ճանապարհով քայլում ենք և տեսնում, որ ճանապարհի երկու եզրերին ցուլ է կանգնած, և նայում ենք իրար՝ տեսնում ենք, որ մենք կարմիր զգեստներով ենք»:





























