Ամերիկացիները թանգարանում ցուցադրում են հարաբերականության տեսության հայր Ալբերտ Էյնշտեյնի ուղեղի ծալքերը: Ֆիլադելֆիայի Թոմաս Մյութերի անվան բժշկական թանգարանում ցուցադրված են մեծ ֆիզիկոսի ուղեղի 46 ծալքերը` մարդու մազից բարակ: Դրանցից մեկը հնարավոր է տեսնել միայն մանրադիտակով:
Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցի նյարդաբան դոկտոր Լյուսի Ռորկ-Էդամսը, ելույթ ունենալով CBS հեռուստաընկերության եթերում, հստակեցրել է, որ Էյնշտեյնի ուղեղը մեծացված վիճակում երիտասարդի ուղեղի տեսք ունի, նրանում տարեց մարդկանց ուղեղին բնորոշ մաշվածության պիգմենտ չկա:
Նրա գլխուղեղի անոթները հիանալի վիճակում են: Նյարդաբանը զարմացած է, որ Էյնշտեյնի ուղեղում ծերացման ոչ մի նշան չկա:
Էյնշտեյնը մահացել է 1955թ.` 76 տարեկան հասակում, որովայնային աորտան պայթելու հետեւանքով: Թոմաս Հարվի անունով պաթոլոգանատոմը, ով կատարել է դիահերձումը, հանճարի ուղեղը պահել է իր մոտ, ինչը հարուցել է մահացած գիտնականի հարազատների զայրույթը: Պաթոլոգանատոմը գիտնականի ուղեղի ծալքերը ուղարկել է ԱՄՆ տարբեր գիտնականների, որպեսզի վերջիններս պարզեն, թե արդյոք այն ինչ-որ կերպ տարբերվո՞ւմ է սովորական մարդու ուղեղից: Այդ կերպ ուղեղի ծալքերի մի մասը հայտնվել է դոկտոր Ռորկ-Էդամսի մոտ, որն էլ որոշել է դրանք վաճառել Մյութերի անվան թանգարանին:
Այժմ դրանք կպահվեն թանգարանում, բայց գիտնականները կշարունակեն հետազոտությունները:


























