ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը, որը պատրաստվում է հեռանալ պաշտոնից, կարծում է, որ ԱՄՆ-ը կմնա Հյուսիսատլանտյան դաշինքի ուժեղ դաշնակիցը՝ անկախ այն բանից, թե ով կհաղթի գալիք նախագահական ընտրություններում։ Նա այսպիսի կարծիք է հայտնել Yomiuri Shimbun թերթի հարցազրույցում։

«Միացյալ Նահանգներում աջակցում են Ուկրաինային երկու կուսակցություններն էլ։ Անկախ այն բանից, թե ով կընտրվի նախագահ, ԱՄՆ-ը կմնա ՆԱՏՕ ուժեղ դաշնակիցը»,- ասել է նա։

Ավել վաղ Ատլանտյան խորհրդի փորձագետները նշել էին, որ Դոնալդ Թրամփը հաղթանակի դեպքում կարող է թուլացնել ՆԱՏՕ-ն, անգամ եթե Միացյալ Նահանգները դուրս չգա դաշինքից։ Թրամփն ինքը, որը կրկին պայքարում է բարձրագույն պետական պաշտոնի համար, դժգոհություն է հայտնել ՆԱՏՕ-ի գործունեությունից։ Նոյեմբերյան ընտրություններում հաղթանակի դեպքում նա սպառնացել է, որ ԱՄՆ-ը դուրս կգա Հյուսիսատլանտյան դաշինքից, եթե եվրոպական գործընկերները ավելի մեծ ֆինանսական պատասխանատվություն չստանձնեն սեփական անվտանգության համար։