Վրաստանը եւ Հայաստանը կապված են հատուկ բարեկամությամբ եւ բարիդրացիությամբ, որը բազմադարյա պատմություն ունի։ Համոզված եմ, որ ՀՀ ԱԳ նախարարի այսօրվա այցը նոր ազդակ կհաղորդի մեր հարաբերություններին։ Այս մասին հայտնել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ համատեղ ճեպազրույցում, տեղեկացրել է վրացական Առաջին ալիքը։ 

Ինչպես նշել է Դարչիաշվիլին, ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրմամբ Հայաստան-Վրաստան երկկողմ համագործակցությունը դուրս է եկել որակապես նոր մակարդակ։

«Պետք է նշել, որ ռազմավարական գործընկերության հռչակագրի ստորագրմամբ մեր երկկողմ համագործակցությունը դուրս է եկել որակապես նոր մակարդակ, նոր փուլը դարձել է բեկումնային մեր բազմակողմ համագործակցությունում։ Այսօրվա հանդիպման ժամանակ ես մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնեցի գործընկերոջս ՄԱԿ բանաձեւի պատմական աջակցության համար, որը հաստատում է բոլոր բռնի տեղահանվածների եւ փախստականների Աբխազիա եւ Ցխինվալ վերադառնալու իրավունքը, ինչի համար կցանկանայի մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել ձեզ»,- ասել է Դարչիաշվիլին։

Նրա խոսքով՝ հայ գործընկերոջ հետ զրույցում իրենք քննարկել են երկու երկրների միջեւ քաղաքական եւ տնտեսական համագործակցությունը, ինչպես նաեւ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները։

«Վրաստանը եւ Հայաստանը ամուր պաշտպանում եւ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը։ Մենք խոսել ենք ինտենսիվ բազմապլան համագործակցության մասին մեր երկրների միջեւ։ Հայաստանը մտնում է Վրաստանի խոշոր առեւտրային գործընկերների տասնյակում, ինչպես նաեւ զբոսաշրջության առաջատարների եռյակում։ Մենք քննարկել ենք տարբեր ուղղություններ այդ հարցերի վերաբերյալ, եւ ես համոզված եմ, որ մեր տնտեսական համագործակցությունը այսուհետ եւս կամրապնդվի, ինչը օգուտ կբերի երկու երկրներին։ Մենք խոսել ենք տարածաշրջանի ընթացիկ գործընթացների մասին, որոնք համապատասխանում են մարտահրավերներին եւ հնարավորություններին, ընդգծել ենք մեր համատեղ ջանքերի կարեւորությունը այդ մարտահրավերների հաղթահարման գործընթացում։ Վրաստանը ամուր աջակցում է կայունությանն ու խաղաղ համակեցությանը Հարավային Կովկասում»,- հայտնել է Իլյա Դարչիաշվիլին։

Բացի այդ, ինչպես նշել է Դարչիաշվիլին, նա հուսով է, որ խաղաղության համաձայնագրի գործընթացը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կպահպանի դրական դինամիկան։

«Մենք պատրաստ ենք, մեր հարեւանների պահանջմունքների եւ մեր հնարավորությունների սահմաններում, շարունակել նպաստել կառուցողական երկխոսության առաջմղմանը եւ կայունության ու խաղաղության ապահովմանը տարածաշրջանում։ Մենք ողջունում ենք պատմական որոշումը, որը ձեռք է բերվել խաղաղ ճանապարհով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, պետական սահմանի սահմանազատման գործընթացն սկսելու մասին։ Հուսով եմ, որ խաղաղության համաձայնագրի գործընթացը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կպահպանի դրական դինամիկան»,- ասել է Իլյա Դարչիաշվիլին։