Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ով մեկնել է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար, չի ներկայացնում Եվրամիության շահերը, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Վիկտոր Օրբանի այցը Մոսկվա վերաբերում է բացառապես Հունգարիայի և Ռուսաստանի երկկողմ հարաբերություններին։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի վերաբերյալ Եվրոպական խորհրդի դիրքորոշումը բացառում է պաշտոնական շփումները ԵՄ-ի և նախագահ Պուտինի միջև»,- ասել է Բորելը։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նշել է, որ հանգստացնող քաղաքականությունը չի կանգնեցնի Պուտինին։ «Միայն միասնությունն ու վճռականությունը ուղի կհարթի Ուկրաինայում համապարփակ, արդար և կայուն խաղաղության համար», - ասել է նա։

Եվրահանձնաժողովի խոսնակ Էրիկ Մամերն ասել է, որ Օրբանը Ռուսաստան իր այցը չի համաձայնեցրել Եվրահանձնաժողովի հետ։ Նրա խոսքով՝ Հունգարիայի վարչապետի այցը Մոսկվա «խաթարում է ԵՄ միասնությունը»։

Հուլիսի սկզբին Հունգարիան դարձավ ԵՄ խորհուրդը վեց ամսով նախագահող երկիրը, սակայն դա նրան իրավունք չի տալիս Եվրամիության անունից շփվել Ռուսաստանի հետ, նշել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«ԵՄ-ն նախագահող երկիրը ԵՄ-ի անունից Ռուսաստանի հետ շփվելու իրավասություն չունի։ Եվրոպական խորհրդի դիրքորոշումը հստակ է՝ Ռուսաստանը ագրեսոր է, իսկ Ուկրաինան՝ ագրեսիայի զոհ։ Առանց Ուկրաինայի՝ Ուկրաինայի մասին ոչ մի քննարկում չի կարող լինել»,- ընդգծել է նա։ Ըստ Bloomberg-ի աղբյուրների՝ Միշելը ցանկացել է Օրբանին խորհուրդ տալ նախօրեին չմեկնել Ռուսաստան։

Մինչ այս, որպես ԵՄ-ում նախագահող երկրի ղեկավար, Օրբանն ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո առաջին անգամ այցելեց Կիև։ Այնտեղ նա բանակցություններ է վարել նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Հանդիպման ժամանակ նա Ուկրաինայի ղեկավարին առաջարկել է դիտարկել հրադադարը՝ Ռուսաստանի հետ խաղաղության գործընթացը սկսելու համար։ Ուկրաինայի նախագահի գրասենյակը մերժել է այս առաջարկը։

Մոսկվա կատարած այցից առաջ Օրբանն ասել էր, որ իրեն ԵՄ մանդատ պետք չէ, քանի որ նա «ոչ ոքի չի ներկայացնում»։ «Ես ընդամենը գնում եմ այն ​​վայրերը, որտեղ պատերազմ է կամ պատերազմի վտանգ կա, որը սպառնում է Եվրամիությանն ու Հունգարիային կամ բացասական հետևանքներ է ունենում նրանց համար, և հարցեր եմ տալիս»,- ասել է Հունգարիայի վարչապետը։

Միևնույն ժամանակ, Օրբանը նշել է, որ ցանկանում է համոզել Ռուսաստանին և Ուկրաինային միասին «երկար ճանապարհ անցնել, որը կարող է ավարտվել հրադադարով և խաղաղ բանակցություններով»։

Կրեմլում Պուտինի և Օրբանի հանդիպման բաց հատվածում ՌԴ նախագահն ընդգծել է, որ Հունգարիայի վարչապետը ժամանել է Մոսկվա, այդ թվում՝ որպես ԵՄ խորհրդի նախագահ։ Նա խոստացել է Օրբանին ծանոթացնել Ուկրաինայում խաղաղ կարգավորման վերաբերյալ Մոսկվայի առաջարկի մանրամասներին և խնդրել է նրան, իր հերթին, բարձրաձայնել խաղաղ բանակցությունների վերաբերյալ Հունգարիայի և ԵՄ-ի դիրքորոշումը։

Օրբանը նշել է, որ աշխարհում գնալով նվազում է այն երկրների թիվը, որոնք կարող են խոսել այս հակամարտության բոլոր կողմերի հետ։ «Շուտով Հունգարիան կդառնա միակ երկիրը Եվրոպայում, որը կկարողանա երկխոսություն վարել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ»,- ասել է Հունգարիայի վարչապետը։