«Մինչեւ տարեվերջ երկրի տնտեսական վիճակը շտկելու հեռանկար չեմ տեսնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն ու հավելեց. «Եթե անգամ 4-րդ եռամսյակը 2008-ի հետ համեմատած ավելի լավ ամփոփենք, տնտեսական անկումը կկազմի 13,4 տոկոս, բայց քանի որ ոչ ոք 15 տոկոսից պակաս անկում չի նախատեսում, նշանակում է՝ թե՛ կառավարությունը, թե՛ ԿԲ-ն կանխատեսում են, որ տնտեսական անկումը խորանալու է»:

Այնուհետեւ անդրադառնալով եկող տարվա բյուջեի նախագծին՝ նա նշեց, որ այն որեւէ երաշխիք չի տալիս, թե 2010-ին դրական միտումներ կլինեն: Բ. Ասատրյանի խոսքով, կառավարությունը որեւէ հիմնավորում չի բերել, թե 2010-ին 1,2 տոկոս տնտեսական աճ է գրանցվելու: Նա կանխատեսեց, որ 2010-ին կգրանցվի 1-2 տոկոս անկում: ԿԲ նախկին ղեկավարն ասաց, որ Հայաստանում փողի ավելցուկ կա, մասնավորապես՝ բանկային համակարգում մոտ 600 միլիոն դոլարի ավելցուկային փող կա, չհաշված մասնավոր հատվածի մոտ առկա խնայողությունները, ինչը նշանակում է, որ կառավարության փորձերը` երկրում իրավիճակը փոխել դրսից գումարներ ներգրավելով, անիմաստ ու անհնար է:

Իսկ ստեղծված իրավիճակի պատճառը, ըստ Բ. Ասատրյանի, օլիգոպոլ ու մոնոպոլ տնտեսությունն է: «Օլիգոպոլիան նշանակում է բացառել փոքր ու միջին բիզնեսը, ոչնչացնել շուկայական համակարգը: Եկել հասել ենք մի կետի, որտեղ անհրաժեշտ են կտրուկ տեղաշարժեր: 18 տոկոսանոց անկման 90-99 տոկոսը պայմանավորված է ներքին պատճառներով»,- կարծիք հայտնեց նա ու ընդգծեց, որ երբ վարչպետ Տիգրան Սարգսյանն անգամ ընդունում է օլիգոպոլ համակարգի գոյությունը, դրանից հետո պետք է առնվազն ազատվի կառավարության այն անդամներից, որոնք բիզնեսներ ունեն, նաեւ նրանցից, ովքեր փող են ստանում մասնավոր անձանցից: Բ. Ասատրյանը կոնկրետացրեց, որ խոսքը գնում է այն մասին, որ վերջերս Գագիկ Ծառուկյանը բաց հայտարարեց, թե ԲՀԿ-ական նախարարներին փող է տալիս, որ «չնայեն ժողովրդի գրպանին»: «Այսինքն ստացվում է, որ մյուսները, որոնց նա փող չի տալիս ժողովրդի գրպանի՞ն են նայում»,- հռետորական հարց ուղղեց ԿԲ նախկին նախագահը, որին լրագրողները դրական արձագանք տվեցին: