Հյուսիսատլանտյան դաշինքի մասնակից երկրները պատրաստվում են առաջիկա հինգ տարում համալրել իր զինանոցը 650 F-35 կործանիչներով եւ արտադրել մոտ 50 նավ ու սուզանավ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը։
«Առաջիկա հինգ տարում ՆԱՏՕ գծով մեր գործընկերները, իրենց զինանոցների արդիականացման նպատակով, կարտադրեն հինգերորդ սերնդի ավելի քան 650 F-35 կործանիչներ, ավելի քան հազար ՀՕՊ համակարգեր, մոտ 50 մարտական նավեր եւ սուզանավեր, 1,2 հազար տանկեր, 11,3 հազար մարտական մեքենաներ եւ մոտ 2 հազար հրետանային համակարգեր»,- նշել է Սալիվանը The New York Times թերթի հեղինակային սյունակում։
Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ մերձավոր գործընկերները Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նույնպես կավելացնեն իրենց ռազմական ծախսերը։ «Ճապոնիան պարտավորվել է մինչեւ 2027թ. կրկնապատկել ազգային անվտանգության [ոլորտի նախագծերի] ֆինանսավորումը, այդ թվում բարձրացնել ռազմական ծախսերը 65 տոկոսով։ 2022թ. Հարավային Կորեան հայտնել էր, որ նախատեսում է հինգ տարվա ընթացքում ավելի քան 260 մլրդ դոլար ուղարկել պաշտպանությանը, այսինքն՝ ամեն տարի ավելացնել ծախսերը միջինը 6,8 տոկոսով»,- նշել է Սալիվանը՝ ավելացնելով, որ Ավստրալիան 2025թ. կծախսի «ռեկորդային՝ 37 մլրդ դոլար» ռազմական կարիքների համար։





























