Հանրապետական Դոնալդ Թրամփը, որը հավակնում է ԱՄՆ նախագահի պաշտոնին, հաղթանակի դեպքում դիտարկում է հետախուզական տվյալների ծավալները կրճատելու հնարավորությունը, որոնք Վաշինգտոնը տրամադրում է Հյուսիսատլանտյան դաշինքի գծով դաշնակիցներին։ Այս մասին տեղեկացրել է Politico թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Ինչպես փաստում է պարբերականը, երկրները, որոնց այժմ տրամադրվում են այդ տվյալները, «կախված են ԱՄՆ-ից այն տեղեկությունն ստանալու հարցում, որն օգնել է Ուկրաինային դիմակայել Ռուսաստանին»։ Հոդվածում ընդգծվում է, որ «հետախուզական տվյալների ծավալի կրճատումը կարող է ծանր հետեւանքներ ունենալ անվտանգության ոլորտում, հատկապես Ուկրաինայի համար»։

Թերթի աղբյուրների խոսքով՝ Թրամփի խորհրդականները տեղեկացրել են  ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ դաշնակից երկրների ներկայացուցիչներին, որ տվյալների փոխանցման սահմանափակումը դաշինքի հետ «լինելու է Վաշինգտոնի աջակցության եւ համագործակցության կրճատման ավելի լայն պլանի մի մասը»։ Հրապարակման մեջ մեջբերվում են ամերիկացի պաշտոնյայի խոսքերը, որը նշել է, որ, ԱՄՆ-ից ավելի քիչ տվյալներ ստանալով, եվրոպական դաշնակիցներն ավելի խոցելի կլինեին Ռուսաստանի կողմից հիպոթետիկ գրոհների համար։

Թերթի տվյալներով՝ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներին վերջին տարիներին տրամադրել է «կենսականորեն կարեւոր տեղեկություն Ուկրաինայում Ռուսաստանի տեղաշարժերի, այդ թվում նրա ռազմական մանեւրների եւ տակտիկական տեղաշարժերի մասին»։