Հուլիսի 12-ին Մոսկվայի մարզում վթարի է ենթարկվել Sukhoi Superjet 100 ինքնաթիռը։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է անձնակազմի երեք անդամ, բոլորը զոհվել են։
«Известия»-ի հաղորդմամբ, Sukhoi Superjet 100 ինքնաթիռը կործանվել է մերձմոսկովյան Կոլոմնայի շրջանում։
Օդանավն ընկել է Ապրակսինո գյուղի մոտ գտնվող անտառում, տեղի բնակիչներից ոչ ոք չի տուժել։ Ավելի ուշ Կոլոմնայի ղեկավար Ալեքսանդր Գրեչիշչևը ճշտել է, որ ինքնաթիռը կործանվել է Բոլշոյե Կարասևո գյուղի մոտ գտնվող անտառում։ Նա հավելել է, որ տեղի բնակիչների համար սպառնալիք չկա։ Ըստ եղած տեղեկությունների, ինքնաթիռում ուղևորներ չեն եղել, եղել է անձնակազմի երեք անդամ՝ երկու օդաչու և ղեկապետը։ Նրանք բոլորը, ըստ նախնական տվյալների, զոհվել են։
Հարուցվել է քրեական գործ՝ երթևեկության անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ։
Ավիավթարի հետաքննությունը կիրականացնեն Միջպետական ավիացիոն կոմիտեն և «Ռոսավիացիան»։
Ինքնաթիռը, ըստ որոշ տեղեկությունների, պատկանել է «Գազպրոմ ավիա»-ին։ Վթարի օրը, ըստ Քննչական կոմիտեի նախնական վարկածի, ինքնաթիռը գործարանում վերանորոգվելուց հետո ուղևորվել է Վնուկովո օդանավակայան։ Ինքնաթիռի կործանման պատճառը, ինչպես հայտնում են օպերատիվ ծառայությունները, կարող էր շարժիչի խափանումը լինել։





























