ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ելույթ է ունեցել Վաշինգտոնում անցկացված փորձագիտական ֆորումում, որը կազմակերպվել էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում առաջատար հետազոտական կենտրոնների կողմից։
Նրա զեկույցը նվիրված էր Ուկրաինայում տիրող իրավիճակին, Մոսկվայի ագրեսիային դիմակայելու գործում Կիևին աջակցելու Սպիտակ տան ջանքերին, ինչպես նաև այս պատերազմի հեռանկարներին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Սալիվանը հիշեցրել է, որ ընդամենը մի քանի ամիս առաջ իրավիճակը ուկրաինական ռազմաճակատներում չափազանց մռայլ էր. Ուկրաինայի ֆինանսավորումը Կոնգրեսը կասեցրել էր, և առաջնագծում գտնվող ուկրաինացի զինվորների զինամթերքը սպառվում էր, իսկ «ուկրաինական ընտանիքները սարսափով սպասում էին, որ ռուսաստանյան զորքերը մեկը մյուսից հետո գրավելու են ուկրաինական քաղաքները»:




























