Ըստ հունիսի վերջին ZN.UA պարբերականի պատվերով Ռազումկովի կենտրոնի անցկացրած հարցման արդյուքների՝ Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների պատրաստ է ուկրաինացիների մոտ 44%-ը, իսկ 35%-ը դեմ է Մոսկվայի հետ բանակցելուն։

Պարբերականը վերլուծելով հարցման արդյունքները՝ նշում է, որ Ուկրաինայի շրջաններում դրանք խիստ տարբերվում են։ Օրինակ՝ երկրի կենտրոնական հատվածում հարցվածների գրեթե կեսը (49%) դեմ չէ Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելուն, մինչդեռ արևմուտքում Մոսկվայի հետ բանակցություններին համաձան է  միայն մեկ երրորդը (35%)։ Երկրի հարավում նման կարծիք ունի 60%-ը. ըստ նրանց՝ եկել է բանակցությունների ժամանակը։

Միևնույն ժամանակ, ուկրաինացիների մեծ մասը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ վերջերս առաջ քաշած զինադադարի պայմաններին համաձայն չէ։ Օրինակ՝ հարցվածների 83%-ը հնարավոր չի համարում Պուտինի պահանջով մասնակի բռնազավթված չորս շրջանները՝ Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնը և Զապորոժյեն հանձնել Ռուսաստանին։

77%-ը Ռուսաստանի դեմ Արեւմուտքի պատժամիջոցների ամբողջական վերացումը անհնար է համարում։ 58%-ը պատրաստ չէ համաձայնել Սահմանադրության մեջ Ուկրաինայի չեզոք, ռազմական դաշինքից դուրս և առանց միջուկային երկրի կարգավիճակի հաստատմանը։

Ուկրաինացիների կեսը (51%) պնդում է, որ Ուկրաինայի տարածքները պետք է ռուսական զորքերից ազատագրվեն 1991 թվականի սահմաններում, 26%-ը պատրաստ է դադարեցնել պատերազմը սահմանազատման գծում 2022 թվականի սկզբի սահամներում, և միայն 9%-ն է պատրաստ Ուկրաինայի տարածքը ճանաչել սահմանը ռազմաճակատի առաջնագծի երկայնքով՝ համաձայնագրի կնքման պահի դրությամբ։

Հարցվածների 66%-ի կամ երկու երրորդի համոզմամբ Ուկրաինան կարող է Ռուսաստանին հաղթել մարտադաշտում։ 82%-ը կարծիքով հաղթանակը հնարավոր է, եթե Արևմուտքը բավականաչափ զենք մատակարարի Ուկրաինային, 76%-ն էլ համարում է, որ ՌԴ-ին հաղթելու համար անհրաժեշտ է սեփական հզոր ռազմարդյունաբերական համալիր և զորահավաքի առումով կարգուկանոն հաստատել։

Ընդ որում, ուկրաինացիների 46%-ը վստահ է, որ զորակոչից խուսափելու մեջ ամոթալի ոչինչ չկա, մինչդեռ 29%-ը հակառակ կարծիքն է արտահայտել։