Վերոնայի  միջազգային «Շքեղություն եւ զբոսանավեր» սրահում իտալական Art Funeral Italy ընկերությունը «չգողացվող» դագաղ է  ցուցադրել:

Ինչպես փոխանցում է «pravda.ru»-ն, այն հագեցած է սենսորներով, որոնք արձագանքում են շարժմանն ու տատանումներին, եւ  գողանալու դեպքում  էլեկտրոնային համակարգը տագնապի ազդանշան է տալիս:  Բացի այդ, տեղադրված է նաեւ միկրոնավիգատոր, որը հնարավոր գողության դեպքում կարող է ոստիկաններին դուրս բերել կողոպտիչների հետքի վրա: Ավելին, նորարությունն ունի նաեւ վեբ-տեսախցիկ, որը հարազատներին թույլ կտա հետեւել թաղմանը համացանցի միջոցով, եթե չկարողանան անձամբ ներկա գտնվել հուղարկավորությանը:

Իտալիայի համար «չգողացվող դագաղը» արդիական է, քանի որ այդ երկրում քիչ չեն դեպքերը, երբ  դագաղները հանգուցյալների հետ գողանում են` դրանց դիմաց փրկագին պահանջելով: Օրինակ, 2001թ-ին  գերեզմանոցից գողացել էին հայտնի բանկիր Էնրիկո Կուչայի դագաղը, եւ միայն մեկ ամիս անց էին հանցագործները ձերբակալվել: