Ճապոնացի երկու հայտնի լեռնագնացներ ընկել են Պակիստանի K2 լեռից (Չոգորի, Դապսանգ - խմբ.), հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
Նշվում է, որ փորձ է արվել փրկել ալպինիստներին, որոնց անշարժ մարմինները նկատել են ուղղաթիռից, սակայն փրկարարները ստիպված են եղել վերադառնալ։
Փորձառու լեռնագնացներ Կազույա Հիրաիդեն և Քենրո Նակաձիման փորձել էին բարձրանալ աշխարհի երկրորդ բարձր լեռան ատամնավոր արևմտյան լանջը՝ օգտագործելով պրոֆեսիոնալ լեռնամագլցման ոճը՝ առաջնահերթություն տալով արագությանը և հույս դնելով ամրացված ճոպանների նվազագույն քանակի վրա:
Սակայն շաբաթ օրը նրանք ընկել են 7500 մետր բարձրությունից, ասվում է Պակիստանի Ալպյան ակումբի (ACP) քարտուղար Քարար Հայդրիի հայտարարության մեջ:
«Փորձ է արվել փրկել նրանց ուղղաթիռով, սակայն ուղղաթիռը չի կարողացել վայրէջք կատարել», - ասել է Վալի Ուլլա Ֆալահին՝ Շիգար շրջանի փոխհանձնակատարը:
Ակտիվ հանգստի ապրանքների ճապոնական Ishii Sports ապրանքանիշը, որը հովանավորում էր լեռնագնացներին, հայտնել է, որ մեծ բարձրությունը և զառիվեր լանջը ստիպել են ուղղաթիռին ընդհատել վայրէջքը:
Ճապոնացի լեռնագնացներ Հիրաիդեն և Նակաձիման իրենց մարզական նվաճումների համար արժանացել են բազմաթիվ Piolets d'Or մրցանակների, որոնք «Լեռնամագլցման Օսկար» են համարվում:





























