Ճապոնիայի բնակիչները մեկ րոպե լռությամբ հարգել են Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակը, որն իրականացրել է ԱՄՆ-ը 79 տարի առաջ։

Հիշատակի գլխավոր արարողությունը տեղի է ունեցել Հիրոսիմայի կենտրոնում, Խաղաղության հուշահամալիրում։ Լռության րոպեն հայտարարվել է ողջ երկրում տեղի ժամանակով ժամը 08.15-ին, դա 1945թ. օգոստոսի 6-ին իրականացված ռումբի պայթյունի ժամանակն է։ Հաշվարկն ավանդույթի համաձայն կատարվել է զանգերի ղողանջով։ Հիրոսիմայի քաղաքապետ Կաձումի Մացուին ընթերցել է խաղաղության հռչակագիրը, որում, ավանդույթի համաձայն, աշխարհին կոչ է արվում հրաժարվել միջուկային զենքից։ Այնուհետեւ ելույթով հանդես է եկել վարչապետ Ֆումիո Կիսիդան։

Հիրոսիմայի եւ Նագասակիի ատոմային ռմբակոծությունները ԱՄՆ-ը իրականացրել է Երկրորդ  համաշխարհային պատերազմի ավարտին՝ նպատակ հայտարարելով Ճապոնիայի կապիտուլյացիայի արագացումը։ Սա մարդկության պատմության մեջ միջուկային զենքի մարտական կիրառման միակ օրինակն է։

Հիրոսիմայում ռումբի պայթյունի հետեւանքով մեկ օրում, ըստ տարբեր գնահատականների, զոհվել է 70-100 հազար մարդ։ 1945թ. զոհերի թիվը հասել է 140 հազարի նրանց հաշվին, ովքեր մահացել են հիվանդանոցներում ստացած վերքերից եւ ճառագայթումից։