ԱՄՆ-ը պնդում է, որ Թուրքիան Ռուսաստան է արտահանում ամերիկյան զգայուն ապրանքներ և կարող է նոր սահմանափակումներ մտցնել թուրքական ընկերությունների նկատմամբ։ Դրա մասին բրիտանական Financial Times պարբերականին տված մեկնաբանությունում հայտարարել է ԱՄՆ առևտրի նախարարի օգնական Մեթյու Աքսելռոդը։
«Անհրաժեշտ է, որ Թուրքիան օգնի մեզ կասեցնելու ամերիկյան տեխնոլոգիաների անօրինական արտահոսքը Ռուսաստան»,- պնդել է նա։ «Ցանկանում ենք Թուրքիայի իշխանությունների և արդյունաբերության կողմից հնարավորինս շուտ [այս հարցում] առաջընթաց տեսնել: Հակառակ դեպքում այլ ելք չենք ունենա, քան սահմանափակումներ մտցնել նրանց նկատմամբ, ովքեր շրջանցում են մեր արտահանման վերահսկողությունը»,- հավելել է ԱՄՆ Առևտրի նախարարության ներկայացուցիչը։
Ըստ պարբերականի՝ վերջերս Անկարա և Ստամբուլ կատարած այցի ժամանակ Աքսելրոդը դժգոհություն է հայտնել թուրքական իշխանություններից, որոնք, ենթադրաբար ԱՄՆ արգելքը շրջանցելով՝ ներգրավված են ամերիկյան զգայուն տեխնոլոգիաները Ռուսաստանի Դաշնություն փոխանցելու մեջ։ Նա միաժամանակ Անկարային կոչ է արել «ապահովել Ռուսաստան ԱՄՆ կողմից վերահսկվող ապրանքների փոխադրման արգելքի պահպանումը»։
Ըստ ամերիկացի պաշտոնյաների՝ ԱՄՆ Առևտրի նախարարությունը պատժամիջոցների ցանկում արդեն ավելացրել է 18 ընկերությունների, որոնք ենթադրաբար ամերիկյան ապրանքներ են տեղափոխել Ռուսաստանի Դաշնություն, և ապագայում այդ ցանկը կարող է ընդլայնվել, եթե Թուրքիայի կողմից առաջընթաց չգրանցվի։




























