Իսպանացի հայտնի ցլամարտիկ Խուան Խոսե Պադիլյան, ով կուրացել էր, երբ կատաղած ցուլը եղջյուրով հարվածել էր նրա գլխին, երեքշաբթի օրն առաջին անգամ հայտնվելով հասարակության մեջ` խոստացել է անել «անհնարինը»  եւ ասպարեզ վերադառնալ: Այս մասին, հղում անելով The Daily Mail-ին, հաղորդում է NEWSru.com-ը:

Խուան Խոսե Պադիլյան ծանր վիրավորվել էր Սարագոսայում կայացած ցլամարտի ժամանակ: Ողբերգությունը կատարվել էր այն բանից հետո, երբ 38-ամյա ցլամարտիկը սայթաքել եւ վայր էր ընկել: Կատաղած ցուլը վրա էր հասել եւ խոյահարել: Արդյունքում ցլամարտիկը գլխի ծանրագույն վնասվածք էր ստացել. կենդանու եղջյուրը ականջից մի փոքր  ներքեւ` ծնոտի տակից մտել եւ ձախ ակնակապիճից դուրս էր եկել: Մարտիկին ռինգից դուրս էին հանել պատգարակով: Ձեռքերով դեմքը փակած` նա բղավել էր` «Ես ոչինչ չեմ տեսնում»:

Բոլոր ականատեսների համոզմամբ` ցլամարտիկը նման վնասվածք ստանալուց հետո չէր կարող ողջ մնալ: Բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը: Վիրահատությունը հինգ ժամից ավելի է տեւել:  Պադիլյայի դեմքի ձախ կողմը կաթվածահար վիճակում էր: Երեքշաբթի օրը նա հայտարարել է, որ չի ցանկանում, որ իր երկրպագուները խղճան իրեն: «Ես կրկին ցլամարտիկի կոստյումով հանդես կգամ, որովհետեւ դա իմ երազանքն է` կրկին հանդիպել երկրպագուների հետ», -հիվանդանոցից դուրս գրվելուց առաջ լրագրողներին ասել է նա: Խերեսի 38-ամյա բնակիչը Իսպանիայի լավագույն ցլամարտիկներից է: Ավելի վաղ`2001թ., Պամպլոնի ներկայացման ընթացքում նա կրկին լուրջ վնասվածք էր ստացել պարանոցի հատվածում:

Ցլամարտիկները բավական հաճախ են վնասվածքներ ստանում, բայց մահացու դեպքեր հազվադեպ են լինում: Իսպանիայում վերջին  մահացու ելքով դեպքը գրանցվել է 1985թ.: