Տնտեսական ակտիվությունը Հայաստանում շարունակում է բավական բարձր մնալ։ Այս մասին Ազգային ժողովում, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում 2024թ. առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ սեպտեմբերի 2-ին ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Դրան, ինչպես նշել է նախարարը, նպաստում են հիմնական մետաղների արտադրության ավելացումը, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդկանց սպառողական եւ տնտեսական ակտիվության աճը։

Նրա խոսքով՝ 2024թ. առաջին կիսամյակում Հայաստանում գրանցվել է 10,4 տոկոս տնտեսական աճ, ինչը հիմնականում կապված է արդյունաբերության աճի հետ։ «Մասնավորապես, հիմնական մետաղների արտադրության, ինչպես նաեւ առեւտրի եւ սպասարկումների։ Այդ աճին նպաստել են նաեւ շինարարական եւ գյուղատնտեսական հատվածները։ Հիմնական ավանդը գյուղատնտեսության ոլորտում մտցրել է բուսաբուծությունը»,- նշել է Հովհաննիսյանը։