Դեկտեմբերի երկրորդ կեսերին կամ ամենաուշը 2010թ. հունվարին Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները։ Նոյեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։

Սակայն փորձագետի կարծիքով՝ Հայաստանը պետք է առաջինը վավերացնի այդ արձանագրությունները եւ դրա իրականացումը չկապի Թուրքիայի խորհրդարանի գործողությունների հետ։

Առաջինը վավերացնելու հանգամանքը Ստեփան Գրիգորյանը պայմանավորեց նրանով, որ Հայաստանն առաջինն է նախաձեռնել այս գործընթացը եւ հետո «արձանագրությունների վավերացումը ձգձգելով` վերականգնում ենք Ղարաբաղի խնդիրը հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում, եւ ժամանակ ու հնարավորություն տալիս Ադրբեջանին՝ ԼՂ հարցում ճնշում գործադրել Թուրքիայի վրա»:

«Մենք պետք է վավերացնենք եւ հետո զբաղվենք մեր գործերով: Հայաստանը ունի հազար ու մի պրոբլեմ»,- հավելեց քաղաքագետը։