Հարավային Օսիայի նախագահի նախկին թեկնածու Ալլա Ջիոեւան հայտարարել է, որ կփորձի խանգարել 2012թ. մարտի 25-ին նշանակված նոր ընտրությունների կայացմանը: Միաժամանակ նա սպառնացել է, որ ՌԴ քաղաքացիություն ունեցող իր հազարավոր կողմնակիցները դեկտեմբերի 4-ին կբոյկոտեն Ռուսաստանի խորհրդարանական ընտրությունները:
Հարավային Օսիայի գործող նախագահ Էդուարդ Կոկոյտին հայտարարել է, որ դեմ չէ լրացուցիչ ընտրություններին Ջիոեւայի մասնակցությանը, չնայած նրան, որ Գերագույն դատարանը արգելել է դա: Ճիշտ է, նա ասել է, որ դա իր անձնական կարծիքն է, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Ալլա Ջիոեւան ասել է, որ լրացուցիչ ընտրությունների օրը իր կողմնակիցներին դուրս կբերի Ցխինվալիի փողոցներ, եթե իշխանություններն այդպես էլ իր հաղթանակը չընդունեն: Նա նշել է, որ իր համակիրները այդ ընտրություններին չեն մասնակցի եւ կխանգարեն դրանց կայացմանը:
Բացի այդ, Ջիոեւան հայտարարել է այն մասին, որ ՌԴ քաղաքացիություն ունեցող իր 13 հազարից ավելի կողմնակիցները այլեւս չեն պատրաստվում որեւէ ընտրությունների մասնակցել, այդ թվում` դեկտեմբերի 4-ին կայանալիք Ռուսաստանի խորհրդարանական ընտրություններին:
Նա նշել է, որ շարունակում է պահանջել, որպեսզի Գերագույն դատարանը չեղյալ համարի վճիռը եւ իրեն նախագահ ճանաչի: Միեւնույն ժամանակ, միջազգային դիտորդները ռուս լրագրողներին պատմել են ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու տարօրինակ հանգամանքների մասին. ինչպես պարզվել է, քվեարկության օրը թեկնածուներից ոչ մեկը խախտումների մասին չի հայտարարել, իսկ Կրեմլի թեկնածու եւ«Միասնություն» կուսակցության ներկայացուցչի բողոքը միայն այն ժամանակ է հայտնվել, երբ հայտնի է դարձել Ջիոեւայի հաղթանակի մասին, գրում էNEWSru.com-ը:



























