Վերջին մեկ օրվա ընթացքում շմոլ գազից եւ սննդից թունավորման մի շարք դեպքեր են գրանցվել:
Հայաստանի ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեկտեմբերի 1-ին, ժամը 12.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության է ընդունվել Շահումյան գյուղի 45-ամյա մի բնակիչ: Պարզվել է, որ նա թունավորվել է տանը` խոհանոցի գազօջախի գազի թերայրումից առաջացած շմոլ գազից: Հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:
Նույն օրը, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Գեղաշեն գյուղի 7 բնակիչներ: Պարզվել է, որ նրանք թունավորվել են տանը՝ գազի կաթսայի թերայրումից առաջացած շմոլ գազի արտահոսքից:
Դեկտեմբերի 1-ին, ժամը 18.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Արագյուղի 4 բնակիչներ, որոնցից երկուսը՝ 3 եւ 4 տարեկան երեխաներ: Պարզվել է, որ նրանք թունավորվել են տանը՝ պահածոյացված սնունդ օգտագործելու հետեւանքով: Կատարվում է հետաքննություն:



























