Կիևում չորեքշաբթի կեսօրին ավելի քան 30 րոպե օդային ռմբակոծություն է հնչել, երբ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Լամմին արևմտյան այլ պաշտոնյաների հետ միասին այցով Ուկրաինայի մայրաքաղաքում էին, հաղորդում է Reuters-ը:

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը թելեգրամյան ալիքում հայտարարել են բալիստիկ հրթիռների կիրառման սպառնալիքի մասին։ Հայտարարության մեջ ասվում է, որ հրթիռը Սումիի շրջանի հյուսիսից շարժվել է Պոլտավայի շրջանի ուղղությամբ։

Ավելի ուշ Սումիի շրջանի ներկայացուցիչները թելեգրամյան ալիքում հայտնել են, որ հրթիռը խոցվել է, և, ըստ նախնական տեղեկությունների, ենթակառուցվածքներն ու խաղաղ բնակիչները չեն տուժել։