ԱՄՆ-ը ծրագրում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ստիպել մանրամասնել Ռուսաստանին ավելի խորը հարվածելու իր ռազմավարությունը՝ նախքան Վաշինգտոնի և նրա դաշնակիցների կողմից տրամադրված ավելի հեռահար զենքերի օգտագործման սահմանափակումները չեղարկելու համաձայնությունը, գրում է Bloomberg-ը։

Չորեքշաբթի Կիև կատարած այցի ժամանակ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Լամմին, ըստ անանուն պաշտոնական աղբյուրների՝ մտադիր են ճնշում գործադրել Զելենսկու և նրա թիմի վրա՝ հաջորդ տարվա համար երկարաժամկետ ծրագիր մշակելու համար:

Ըստ պաշտոնատար անձանց, դա հնարավորություն կտա ավելի լավ հասկանալ՝ ինչին է ձգտում Կիևը և ինչու ու ինչպես Արևմուտքի աջակցությունը կօգնի հասնել այդ նպատակներին, նախքան որոշում ընդունելը: Այս շաբաթ սահմանափակումների մեջ լուրջ փոփոխություններ չեն սպասվում, թեև Բլինքենը երեքշաբթի ազդարարեց, որ ԱՄՆ-ը դիտարկում է թույլ տալ Ուկրաինային ավելի լուրջ հարվածներ հասցնելու հնարավորությունը։

Նախագահ Ջո Բայդենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կհանդիպեն ուրբաթ Վաշինգտոնում՝ քննարկելու համար այդ հարցը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի պատերազմը, Չինաստանը և արհեստական ​​բանականությունը: Բլինքենի և Լամիի հետ հանդիպումից առաջ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ կկրկնի սպառազինության սահմանափակումները մեղմացնելու իր կոչը, երբ այս ամիս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նա կհանդիպի Բայդենի հետ:

«Ցավոք, դա կախված է ոչ թե իմ լավատեսությունից, այլ նրանց լավատեսությունից»,- չորեքշաբթի լրագրողներին ասել է Զելենսկին։

Ըստ պաշտոնյաների՝ ՌԴ խորքեր հարվածների մասին որոշում դժվար թե ընդունվի մինչև Նյու Յորքում ՄԱԿ-ի նիստը, որը տեղի կունենա ամսվա վերջին, թեև Բայդենը կարող է որոշել՝ փոխե՞լ քաղաքականությունը: ԱՄՆ-ը մինչ այժմ դեմ է եղել նման հարձակմանը` պատճառաբանելով երկուսուկես տարվա պատերազմի սրման մտավախությունները: Մեծ Բրիտանիան իր հերթին ակնարկել է, որ պատրաստ է, որպեսզի Ուկրաինան բրիտանական Storm Shadow հրթիռների օգնությամբ հարվածներ հասցնի Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին։