Իսպանական Բարսելոնա քաղաքում նոյեմբերի 22-ին կայացել է 2011-ի Եվրոպական Բիզնես Մրցանակաբաշխությունը, որը համարվում է Եվրոպայի բիզնես մրցույթներից ամենաբարդը: 11 հաղթողներն ընտրվում են 30 երկրների 15 000 կազմակերպություններից «Պատվո ժապավեն»-ին արժանացած 111 մասնակիցներից:

Հայկական «Բյուրակն» ՍՊԸ-ն, որի ներքո հանդես են գալիս «Արզնի», «Այգ», «Պապա Կառլո», «Այգի», «AG Electronics», «AG Print», «Vita Spa» եւ այլ ապրանքանիշերը, դարձել է «Նախագահի ընտրություն» անվանակարգի հաղթողը: Եթե Եվրոպական Բիզնես մրցանակաբաշխության մյուս տասն անվանակարգերում ընտրություն կատարելը համեմատաբար հեշտ է, քանի որ կան հստակ չափորոշիչներ, ապա «Նախագահի ընտրություն» մրցանակի դափնեկրին որոշելն ամենախրթին գործն է: Այս անվանակարգում հաղթող ընկերության ընտրության համար չափորոշիչ է հանդիսանում բիզնեսի բոլոր գործառույթների արդյունավետության գնահատականը:

«Մեզ համար անսպասելի եւ շատ ուրախալի էր ստանալ այս պատվավոր մրցանակը: Մենք գիտակցում էինք, որ մրցում ենք զարգացած եվրոպական ընկերությունների հետ եւ հավանականությունը, որ կլինենք 111 ընկերություններից 11-ի մեջ, այնքան էլ ակնհայտ չէր»,- մեկնաբանել է  «Բյուրակն» ՍՊԸ-ի հիմնադիր Գեւորգ Աֆանդյանն` ավելացնելով, որ այս մրցանակը եւս մեկ ապացույց է, որ գերազանց կատարված աշխատանքը ստանում է գնահատական»:

Բելգիայի վարչապետ եւ Եվրոպական Բիզնես Մրցանակաբաշխության դատավոր Իվ Լետերմեն եւ Եվրոպական Բիզնես Մրցանակաբաշխության գործադիր տնօրեն Էդրիան Թրիփը կոչեցին 11 հաղթողներին «Եվրոպայի տնտեսության քաջազնունիներ»:

«Եվրոպական Բիզնես Մրցանակաբաշխության այս տարվա հաղթողներն ապացուցեցին եւս մեկ անգամ, որ Եվրոպայի բիզնես առաջնորդները եւ նրանց աշխատուժը ցուցաբերում են խիզախություն, ճկունություն, արագաշարժություն եւ սրամտություն: Մենք տեսել ենք այն ավանդը, որ Եվրոպայի ընդհանուր բարօրության գործին բերել են Արեւելյան Եվրոպայի երկրների եւ Թուրքիայի ընկերությունները, որոնք ոչ միայն հաղթահարել են վերջին տնտեսական փոթորիկը, այլեւ` բարգավաճել: Մասնակիցները միասին ներկայացնում են ավելի քան 1 տրիլիոն եվրոյի շրջանառություն (ԵՄ-ի ՀՆԱ-ի 8.23%)` հանդիսանալով 2.7 միլիոն մարդկանց գործատու»,- հայտարարել է Եվրոպական Բիզնես Մրցանակաբաշխության գլխավոր տնօրեն Էդրիան Թրիփը:

Նշենք, որ European Business Awards մրցանակաբաշխության նպատակն է գործարար աշխարհին ներկայացնել հաջողակ բիզնեսի օրինակներ, ինչպես նաեւ նշանավորել եւ քաջալերել կազմակերպությունների եւ անհատների հաջողություններն ու նորարարությունները: