Ավստրալիան ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ դա բացատրելով այդ երկրում մարդու իրավունքների խախտմամբ, սեւ ցուցակում ընդգրկվել են իրանցի հինգ քաղաքացիներ։ Այս մասին տեղեկացրել է Ավստրալիայի ԱԳՆ ղեկավար Փենի Վոնգը։

«Մահսա Ամինիի ողբերգական մահվան երկրորդ տարելիցին Ավստրալիայի կառավարությունը հասցեական տնտեսական պատժամիջոցներ եւ [երկիր] մուտքի արգելք է մտցնում եւս հինգ իրանցի քաղաքացիների հանդեպ։ Նրանց մեջ են անվտանգության եւ իրավապահ մարմինների բարձրաստիճան աշխատակիցներ»,- ասված է Վոնգի հայտարարությունում։

Նա նաեւ նշել է, որ Ավստրալիան հասցեական պատժամիջոցներ է մտցնում իրանցի 195 քաղաքացիների եւ ձեռնարկությունների դեմ։ «Այդ միջոցները վկայում են մեր վճռականության մասին, որպեսզի Իրանը պատասխանատվության ենթարկվի մարդու իրավունքների խախտումների համար»,- ասել է նա։

Պաշտոնական վարկածի համաձայն՝ 2022թ. սեպտեմբերին ոստիկանությունը ձերբակալել է 22-ամյա Մահսա Ամինիին հիջաբը ճիշտ չկրելու համար։ Հացաքննության ժամանակ նա սրտի նոպա է ունեցել, որից էլ մահացել է։ Սոցիալական ցանցերում, սակայն, տարածվել է տեղեկություն այն մասին, որ Ամինիին ծեծել են ոստիկանները։ Հոկտեմբերի 7-ին Դատական բժշկության իրանական կազմակերպությունը հրապարակել է աղջկա մահվան պատճառների պաշտոնական եզրակացությունը, որում նշվել է, որ նրան վնասվածքներ չեն պատճառվել։

Իրանի քրեական օրենսգքրի համաձայն՝ գլխաշորը ճիշտ չկրելու համար կանանց սպառնում է տուգանք, 12 օրից մինչեւ 2 ամիս ազատազրկում։ Նրանց դեմ կարող են կիրառվել նաեւ վարչական բնույթի լրացուցիչ միջոցներ, մասնավորապես՝ ազատում պետական ծառայությունից, արտաքսում, երկրից դուրս գալու եւ ընդդիմադիր կազմակերպությունների հետ շփման արգելք, գույքի առգրավում։ Ավելի լուրջ պատիժներ սպասվում են նրանց, ովքեր խրախուսում են ուրիշներին հրաժարվել գլխաշոր կրելուց. նրանք կարող են բանտարկվել 1-10 տարի ժամկետով։