Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրահանձնաժողովին առաջարկել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի թեկնածությունը ներքին շուկայի եվրահանձնակատարի պաշտոնից հրաժարական տված Թիերի Բրետոնի փոխարեն։ Այս մասին հայտնում է Agence France-Presse (AFP)՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի հայտարարությունը։

Ելիսեյան պալատը պարզաբանել է, որ Ֆրանսիան ակնկալում է ստանալ պորտֆել, «որը թույլ կտա կենտրոնանալ արդյունաբերական ինքնիշխանության և եվրոպական մրցունակության ապահովման վրա»։ Նախագահի աշխատակազմը հիշեցրել է, որ Սեժուրնեն եղել է Եվրախորհրդարանի նախորդ գումարման լիբերալ խմբակցության նախագահը։ Ելիսեյան պալատը կարծում է, որ նա համապատասխանում է անհրաժեշտ չափանիշներին։

Սեպտեմբերի 16-ին ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը հայտարարեց իր հրաժարականի մասին՝ Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի գործողությունների հետ անհամաձայնության պատճառով։ Ինչպես պարզաբանել է քաղաքական գործիչը, մի քանի օր առաջ ֆոն դեր Լեյենն առաջարկել է Փարիզին հանել իր թեկնածությունը նոր գումարման ԵՀ-ի կազմում։ Ըստ եվրահանձնակատարի, փոփոխության պատճառները եղել են «անձնական դրդապատճառները, որոնք ֆոն դեր Լեյենը չի քննարկել նրա հետ»։

Politico թերթի փոխանցմամբ՝ ֆոն դեր Լեյենը պնդում է, որպեսզի ԵՀ-ի նոր գումարման մեկնարկը լինի նոյեմբերի 1-ին՝ չնայած որոշ թեկնածուների հաստատման հետ կապված դժվարություններին։ Ավելի վաղ, այս հրապարակումը, հղում անելով աղբյուրներին, Բրետոնին անվանել էր ԵՀ-ի ղեկավարում ֆոն դեր Լեյենի հավանական իրավահաջորդների թվում։