ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը (OFAC) պատժամիջոցներ է մտցրել այն անձանց դեմ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, «խափանել են ազատության հիմքերը, ներառյալ կարծիքների արտահայտման ազատությունը» Վրաստանում։ Այս մասին տեղեկացրել է ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։
Պատժամիջոցները կիրառվել են Վրաստանի կառավարության երկու պաշտոնատար անձանց (կապված խաղաղ ցուցարարների դեմ «կոշտ ճնշումների» հետ) եւ երկու մասնավոր անձանց դեմ (որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցել են բռնություններին ցուցարարների դեմ), նշել են գերատեսչությունում։
Ցուցակում են Վրաստանի ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության ղեկավար Զվիադ Խարազիշվիլին եւ նրա տեղակալ Միլերի Լագազուրին, Alt-Info ուլտրապահպանողական ռուսամետ պլատֆորմի ղեկավարներ Զուրաբ Մախարաձեն եւ Կոնստանտին Մորգոշիան։
Վաշինգտոնի տվյալներով՝ առաջին երկուսը կապված են «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերի ճնշման հետ։ Alt-Info-ի ղեկավարները մասնակցել են լրագրողների ճնշմանը 2021 եւ 2023թթ., ավելացրել են OFAC-ում։
«ԱՄՆ պետդեպարտամենտը նաեւ վիզային սահմանափակումներ է մտցնում ավելի քան 60 վրացի քաղաքացիների եւ նրանց ընտանիքների անդամների դեմ, որոնք «մասնակցել են դեմոկրատիայի խափանմանը Վրաստանում»։ Նրանց մեջ են բարձրաստիճան պետական եւ մունիցիպալ գործիչներ, գործարարներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ եւ խորհրդարանի պատգամավորներ։
«Մենք նախկինի պես անհանգստացած ենք մարդու իրավունքների խախտումներով եւ հակադեմոկրատական գործողություններով Վրաստանում»,- ընդգծել են Վաշինգտոնում։





























