Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ստորագրել է հրամանագիր երկրում ըստ զինակոչի զինվորական ծառայության վերականգնման մասին։ «Ես հուսով եմ՝ դուք հասկանում եք, թե որքան է մեզ պետք ուժեղ բանակը»,- ասել է Վուչիչը՝ մեկնաբանելով իր որոշումը։ Ծառայության ժամկետը կազմում է 75 օր եւ պարտադիր կդառնա տղամարդկանց համար, կանայք կկարողանան ծառայել կամովին։
«Մենք չենք պատրաստվում գրոհել որեւէ մեկին, բայց ցանկանում ենք վախեցնել նրանց, ովքեր սպառնում են մեզ»,- ընդգծել է Վուչիչը՝ չճշտելով, թե ովքեր են սպառնալիքի աղբյուրը Սերբիայի համար։
Սերբիան չեղարկել էր պարտադիր զինծառայությունը 2011թ.։ Որպեսզի Վուչիչի հրամանագիրն ուժի մեջ մտնի, այն պետք է արժանանա կառավարության եւ խորհրդարանի հավանությանը, որտեղ նախագահի կուսակցությունը ձայների ճնշող մեծամասնություն ունի։





























