Եվրամիությունն օգտագործել է ռուսական սառեցված ակտիվների եկամուտից 1,4 մլդ եվրո՝ Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին տեղեկացրել է Եվրահանձնաժողովի առաջին փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը, նրա հայտարարությունը հրապարակվել է ԵՀ մամուլի ծառայությունում։

«Ռուսական ակտիվներից ստացված եկամուտների առաջին տրանշը իրականացվել է։ Խաղաղության եվրոպական ֆոնդի միջոցով ուղարկվել է 1,4 մլրդ եվրո՝ առաջնահերթ սարքավորումների մատակարարման համար, ներառյալ հրետանային զինամթերքները եւ հակաօդային պաշտպանության միջոցները, ինչպես նաեւ, առաջին անգամ, պատվերների համար, որոնք կատարվել են Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության կողմից»,- նշվել է փաստաթղթում։