Ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում սպանվածների եւ վիրավորների թիվը հասել է միլիոն մարդու, գրել է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով ուկրաինական աղբյուրներին եւ արեւմտյան հետախուզության տվյալներին։
Ուկրաինական գնահատականներով, որոնց վրա հենվում է պարբերականը, Ուկրաինայի ԶՈւ-ում զոհվածների թիվը կազմել է 80 հազար զինծառայող, վիրավորներինը՝ 400 հազար։ Ռուսական բանակի կորուստների մասին տվյալները տարբերվում են. ըստ որոշ գնահատականների՝ զոհված զինվորականների թիվը հասնում է 200 հազարի, վիրավորներինը՝ մոտ 400 հազարի։ Պարբերականն առանձին նշել է, որ դժվար է գնահատել կորուստները. ոչ մեկ, ոչ մյուս կողմը չեն հրապարակում պաշտոնական տվյալներ։
The Wall Street Journal-ը կորուստների մեծ թիվն անվանում է խնդիր Ռուսաստանի համար, բայց նշում է, որ մոտավորապես նույն թվերն ուկրաինական կողմում հանգեցնում են շատ ավելի մեծ վնասի, քանի որ Ուկրաինայի բնակչությունը քանիցս քիչ է։
WSJ-ն գրել է, որ մեծ կորուստները երկարաժամկետ հետեւանքներ կունենան երկու երկրների համար, որոնք մինչեւ պատերազմի սկիզբը պայքարում էին բնակչության կրճատման դեմ՝ կապված գլխավորապես տնտեսական եւ սոցիալական ցնցումների հետ։




























