ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կարծում է, որ մյուս երկրները պատրաստվում են այն բանին, որ նոյեմբերյան ընտրություններում հաղթելու է ինքը, այլ ոչ թե նրա դեմոկրատ մրցակից Քամալա Հարիսը։

«Չեմ կարծում, թե [իմ հաղթանակը] կցնցի աշխարհը։ Կարծում եմ, որ աշխարհը, Եվրոպան պատրաստ են դրան։ Նրանք անգամ ցանկանում են, որ դա տեղի ունենա, թեեւ կնախընտրեին գործ չունենալ ինձ հետ տնտեսության հարցերում։ Բայց նրանք ցանկանում են, որ դա տեղի ունենա, որովհետեւ աշխարհը պայթյունի եզրին է, իսկ իմ օրոք այն չի պայթի»,- ասել է հանրապետականը՝ ելույթ ունենալով Ֆլինտ քաղաքում (Միչիգանի նահանգ)։ Սա Թրամփի առաջին ելույթն է ընտրողների առջեւ սեպտեմբերի 15-ի մահափորձից հետո։

Մեկնաբանելով մահափորձը՝ Թրամփն ասել է, որ նախագահ լինելը միշտ մի փոքր վտանգավոր է, բայց հավաստիացրել է, որ նախկինի պես նախատեսում է զբաղեցնել բարձրագույն պետական պաշտոնը։