ԵՄ-ի հետ կապված տեսլականի մասին իմ հայտարարությունից հետո քաղաքական օրակարգի անբաժանելի մաս է, թե արդյոք Հայաստանը պաշտոնապես պետք է որդեգրի ԵՄ-ին անդամակցելու քաղաքական ուղեգիծ, թե ոչ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այստեղ էլ պետք է հասկանանք, որ սա միակողմանի, նույնիսկ երկոկղմանի գործողություն չէ: Այստեղ է, որ մենք պետք է շատ ուշադիր լինենք խնդիրներ ձեւակերպելիս, որպեսզի այդ խնդիրների լուծման ճանապարհին նոր հիասթափություններ չառաջացնենք մեր ժողովրդի շրջանում: Ես եչբեք չեմ թաքցրել, որ ի վերջո, պետք է նաեւ ֆիզիկապես պատկերացնել Հայաստանի նդամակցությունը Եմ-ին: Այստեղ շատ կարեւոր է Վրաստան-ԵՄ հարաբերությունները, թե ինչ տեղի կունենա, շատ կարեւոր է Թուրքիա-ԵՄ հարաբերություններն ինչպես կզարգանան, եւ այս համատեքստում շատ կարեւոր են Հայաստան-Թուրքիա հարաբերությունները ինչպես կզարգանան»,- հայտարարեց Փաշինյանը:
Նա նկատեց, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար ռազմավարություն է, ինչը Հայաստանին մերձեցնելու է ԵՄ-ի, ԱՄՆ-ի եւ արեւմտյան գործընկերների հետ. «Մյուս կողմից, մենք մեր ժողովրդավարությունը չպետք է եւ չենք կարող հակադրել մեր տարածաշրջանին, մեր տարածաշրջանային քաղաքականությանը: ԵՄ-ի հետ կապված մեր հետագա անելիքները պետք է լինեն թափանցիկ: Ընդ որում թափանցիկ պետք է լինեն նաեւ ԵՄ մեր գործընկերների մտադրությունները: Ես չեմ կարող բացառել, որ եթե մենք տեսնենք ԵՄ լիիրավ անդամ դառնալու շատ թե քիչ իրատեսական հնարավորություն, այդ թվում կառավարելի պահելով այն հնարավոր սպառնալիքները, որոնք կարող են այդ ճանապարհին գոյանալ, մենք այդ պահը հաստատ բաց չենք թողնի»,- հայտարարեց վարչապետը:





























